Ռուսաստանից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների միջին մեծությունը 12 հազար ռուբլի է

06.07.2016

Ռուսաստանում վերջերս տեղեկություն հրապարակվեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների մասին: Ընդ որում, այդ տվյալները տարբերակված են ըստ Ռուսաստանի ռեզիդենտների եւ ոչ ռեզիդենտների:

Եվ այսպես, 2014-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կրճատվել են 185 մլն դոլարով կամ 64%-ով: Բայց հաշվի առնենք մեկ հանգամանք. Ռուսաստանում «օրինական» աշխատավարձ վճարվում է միայն ռուբլով: Այդ պատճառով դոլարը ռուբլիի վերածենք:

Նշված երկու տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումները կրճատվել են 7.7 մլրդ ռուբլով կամ 24%-ով: Այսինքն՝ ռուբլով փոխանցումների մասով անկումն այդքան կտրուկ չէ, որքան դոլարով փոխանցումների պարագայում: Բանն այն է, որ նշված ժամանակահատվածում Ռուսաստանում դոլար դիրքերն ամրապնդել է ավելի քան 2 անգամ:

«Ռուսական» փոխանցումների ընդհանուր գումարի կեսից ավելին (շուրջ 60%) բաժին է հասնում Ռուսաստանի ռեզիդենտներին: Այսինքն՝ մեր այն հայրենակիցներին, որոնք կա՛մ Ռուսաստանի քաղաքացիներ են, կա՛մ այդ երկրում ապրել են ավելի քան մեկ տարի: Բայց, ինչպես կարելի է ենթադրել, նրանցով փոխանցում կատարողների թիվը չի սահմանափակվում: Դրամական փոխանցում կատարողների մյուս մասը՝ 40%-ը, մեր սեզոնային աշխատանքային միգրանտներն են:

Հետաքրքիր է նաեւ մեկ փոխանցման միջին մեծության դինամիկան: 2014 թվականի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 8.2 հազար ռուբլի (236 դոլար), մեկ տարի անց այն հասել է 13 հազար ռուբլու (210 դոլար): Իսկ ահա ընթացիկ տարվա առաջին եռամսյակում միջին փոխանցումը հասել է 12 հազար ռուբլու (162 դոլար):

2014 թվականի առաջին եռամսյակում դրամական փոխանցումների միջին մեծությամբ «առաջատարը» Ռուսաստանի ոչ ռեզիդենտներն են եղել. գրեթե 15.4 հազար՝ ռեզիդենտների 6.5 հազարի դիմաց: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պատկերն այլ է եղել: Ոչ ռեզիդենտների մեկ փոխանցման միջին մեծությունը նվազել է 1.6 անգամ՝ հասնելով 9.3 հազար ռուբլու: Իսկ ռեզիդենտների պարագայում այդ մեծությունն ավելացել է ավելի քան 2.4 անգամ՝ հասնելով 15.4 հազար ռուբլու:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US