Երևանում Նախատեսվում Է Նոր Կլոր Հրապարակ Կառուցել

20.07.2016

Օրերս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հանրությանն է ներկայացրել Երևանի կառուցապատման նոր հսկայածավալ նախագիծ, որը ենթադրում է բազմիցս քննարկված Ֆիրդուսի շուկայի տարածքի իրացման և կառուցապատման հիմնախնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները: Եթե ծրագիրն իրականացվի, ապա Երևանում կկառուցվի պայմանականորեն «Կլոր հրապարակ» կամ «33 թաղամաս» անվանումը ստացած նոր հրապարակ: 

Ինչպես ներկայացնում է քաղաքաշինության նախարարությունը, նմանատիպ նախագծի համար այս վայրի ընտրությունը պատահական չէ: Ֆիրդուսի թաղամասի հիմնական գրավչությունն այն է, որ այն գտնվում է Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Ըստ Թամանյանի գլխավոր հատակագծի՝ Հարավային պողոտայի (ներկայիս Տիգրան Մեծ փողոցին հարակից) 5 հեկտարից ավելի մակերես ունեցող տարածքում հանրությանը ներկայացված նախագծով ենթադրվում է բավականին մեծ՝ 85 մետր տրամագծով կլոր հրապարակ կառուցել: Ծրագիրը ենթադրում է նաև մի շարք նոր փողոցների, հասարակական, սպասարկման և բիզնես կենտրոնների ու հյուրանոցների շինարարություն: 

Ըստ նախնական տվյալների ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում, իսկ նախագծի ընդհանուր բյուջեն գնահատվում է 300 մլն ԱՄՆ դոլար: 

Ներկայացված հայեցակարգը մշակման փուլում է, չկան հստակորեն մշակված և հաստատված ենթանախագծեր և շինություններ, կան միայն ընդհանուր չափանիշներ: Մասնավորապես՝ նախագծի իրականացումը ենթադրում է տարածքում գտնվող և ճարտարապետական արժեք ներկայացնող շինությունների պահպանում, Հանրապետության հրապարակին կից շինությունների բարձրության սահմանափակում (5-7 հարկ), այնպիսի բնակելիների կառուցում, որոնք կունենան սպասարկման համար բակային տարածքներ: 

Ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել 200 հազար քառակուսի մետր մակերեսով շենքեր և շինություններ: Կենտրոնական հրապարակի շինությունների բարձրությունը կկազմի 30-36 մետր, իսկ նրա տակ կտեղակայվի ստորգետնյա ավտոկայանատեղի: 

 


 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US