Ինչի՞ է հասել մեր երկրի արտաքին պարտքը

02.12.2016

Վերջին շրջանում շատ է խոսվում, թե մեր երկրի արտաքին պարտքը մտահոգիչ շեմին է, և արժութային կառավարումը պատշաճ չի իրականացվում: Պարտքի տեմպերն աճում են, իսկ պետական պահուստային ֆոնդը՝ նվազում: Ի՞նչ է իրականում տեղի ունենում: Եթե նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 680 մլն դոլար, ապա այս տարի այդ ցուցանիշը հատել է 5 մլրդ-ի սահմանը: Միայն նախորդ տարվա հունիս ամսվա ընթացքում պարտքն աճել է 50 մլն դոլարով: Այսպիսի տվյալներ է հրապարակել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Պետական պարտքի նման աճը, ըստ տնտեսագետների, պայմանավորված է արտաքին պարտքի աճով: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2008-ին Հայաստանի արտաքին պարտքը 1 մլրդ 577.1 մլն ԱՄՆ դոլար էր, իսկ 2014-ը փակել ենք 3 մլրդ 785.3 մլն-ով: Այդ ընթացքում արտահանումը 1 մլրդ 69.1 մլն ԱՄՆ դոլարից հասել է 1 մլրդ 519.3 մլն-ի: Փաստորեն, արտաքին պարտքն աճել է շուրջ 140 տոկոսով, արտահանումը՝ մոտ 42 տոկոսով: ՀՀ պետական պարտքում այժմ լողացող տոկոսադրույքով պարտքը մոտ 17,5-18 տոկոս է կազմում ընդհանուր պարտքի մեջ և ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ խիստ կառավարելի է: Դրանք հիմնականում խոշոր դոնորներից ստացված վարկերն են՝ ներգրավված ՀԲ-ից և Ասիական զարգացման բանկից: ՀՀ պետական պարտքը տարեսկզբի համեմատ ավելացել է 517.2 մլն դոլարով, սակայն, ըստ ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի՝ չպետք է խուճապի մատնվել և մտածել, թե պետական պարտքը կառավարելի չէ։ Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի մատնանշմամբ, վերջին տարիներին Հայաստանի արտաքին պարտքի նման մակարդակի ավելացումը էական ազդեցություն չի ունեցել տնտեսության վրա, այլ հիմնականում ուղղված է եղել բյուջետային ծախսերի իրականացմանը: Բյուջետային դեֆիցիտը, որը 2016 թ. աննախադեպ է, կազմում է ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը, այդ ծավալի դեֆիցիտների սպասարկումները հիմնականում հենց պետական պարտքի հաշվին են տեղի ունենում. ներգրավվում են միջոցներ, որոնք ուղղվում են պետական ծախսերի իրականացմանը, մասնավորապես՝ սոցիալական ոլորտին: Փաստորեն, այդ ծախսերը գնում են սպառմանը և տնտեսական զարգացմանը չեն նպաստում: 2008-ի տնտեսական ճգնաժամից ի վեր Հայաստանի արտաքին պարտքն ավելի քան 3 անգամ արագ է աճել, քան արտահանումը: Նշենք, որ արտահանման միջոցով երկիրը արտարժույթ է ստանում, որով մարում է արտարժույթով վերցրած արտաքին պարտքը: Ուստի որքան համեստ է արտահանումը, այնքան արտաքին պարտավորությունները մարելը դառնում է դժվար: Ինչպես նշում է պետպարտքի վարչության պետը, պետական պարտքի դինամիկան լուրջ շեղում է արձանագրել միայն 2009 թ.՝ պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամով: Պարտքի ցուցանիշները աճել են նաև փոխարժեքի տատանումների՝ դրամի արժեզրկման հետևանքով: Սակայն Արշալույս Մարգարյանը որևէ արտառոց բան չի տեսնում և վստահեցնում է, որ պարտքն աճում է երկրի կուտակային դեֆիցիտին համահունչ: Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանը ներառված է միջին պարտքային բեռ ունեցող երկրների թվում: «Որևէ վարկատու միջին վարկային բեռ ունեցող երկրին չի կարող վարկ չտրամադրել, մենք բարձր պարտքային բեռի որևէ ցուցանիշ չունենք, և Հայաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենացածր պարտքային բեռ ունեցող երկրներից մեկը: Պարտքի դինամիկան այսօր էլ առանձնապես չի տարբերվում մինչճգնաժամային դինամիկայից: Պետական պարտքի աճի տեմպում ոչ մի էական փոփոխություն տեղի չի ունենում» - հավաստիացրեց Արշալույս Մարգարյանը: Որքանո՞վ է երկիրը մոտեցել պարտքի վտանգավոր շեմին: Արշալույս Մարգարյանը պարզաբանեց, որ բացի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունից, կան նաև պարտքային բեռի գնահատման այլ ցուցանիշներ (պարտք/արտահանում, պարտքի տոկոսավճար/արտահանում և այլն), և դրանց բոլորի գծով Հայաստանը դասվում է նվազ պարտքային բեռ ունեցող երկրների շարքը, իսկ արժութային կառավարման առումով տնտեսությունը դիվերսիֆիկացված է, վարկերը գրեթե բոլոր արժույթներով են: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը չի հերքում, որ արտաքին պարտքը որոշակիորեն մոտեցել է մտահոգիչ շեմին, և այդ հանգամանքը պայմանավորում է տարիներ առաջ արտաքին աղբյուրներից երկարաժամկետ և արտոնյալ պայմաններով ներգրավված միջոցներով: Որպեսզի երկիրը հաղթահարի պարտքի ծանր բեռը, տնտեսագետների կարծիքով, անհրաժեշտ է տնտեսական աճ ապահովել, ընդ որում՝ 5 տոկոսից բարձր: «Մեր երկիրը կարողացել է ժամանակին մարել պարտքը առանց որևէ պայմանագրային խախտման: Մենք տարիներ շարունակ գերակայությունը տվել ենք արտաքին պարտքին՝ պայմանավորված երկու գործոնով: Առաջինը պայմանավորված էր ներքին շուկայի բացակայությամբ, քանի որ այն նոր միայն պետք է ձևավորվեր ու կայանար, և երկրորդ՝ պայմանավորված ՀԲ-ին, ԱՄՀ-ին անդամակցությամբ, երբ կարողացանք արտոնյալ պայմաններով վարկեր ստանալ»,- պարզաբանեց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը: Հարց է առաջանում, ինչքանո՞վ կկարողանանք տնտեսական նման աճ ապահովել, երբ արտահանման ծավալները վերջին շրջանում գոհացնող չեն, իսկ երկրի պարտքային բեռն անընդհատ աճում է:

 

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US