Բնակարանների գինը մինչև 20%-ով աճել է. ի՞նչ վիճակ է անշարժ գույքի շուկայում

21.03.2019

Անշարժ գույքի շուկայում ակտիվության, գների աճի,  պահանջարկի մեծացման և ոլորտի խնդիրների մասին Tert.am-ը զրուցել է անշարժ գույքի գործակալությունների տնօրենների հետ:

«Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը նշեց, որ շուկան, թեև ակտիվացել է, բայց չի կարծում, որ դրա համար ֆունդամենտալ հիմքեր կան: «Անցած տարի` քաղաքական իրադարձություններից հետո բավականին բուռն ակտիվություն եղավ և, հատկապես, սփյուռքից շատ հայրենակիցներ լավատեսական, էմոցիոնալ ֆոնի վրա եկան և բնակարաններ գնեցին: Դեկտեմբերի ընտրությունների հետ կապված որոշակի սառեց շուկան, թուլացավ, հիմա արդեն մի թեթև ակտիվություն նկատվում է»,-ասաց նա և նշեց, որ բնակարանների գների թանկացման միտում կա:

Վահե Դանիելյանը, համեմատելով նախորդ տարվա ժամանակահատվածի հետ, նշեց, որ օրինակ Կենտրոնում բնակարանների գները 20-25 տոկոս աճել են: Չնայած դրան՝ նա նշեց, որ անշարժ գույքի գների առումով 2017 թվականից սկսած արդեն աշխուժություն նկատվում էր: «Գները թանկացել են ոչ միայն պահանջարկի առումով, այլ որովհետև շատ մարդիկ վաճառքից պարզապես հանել են իրենց գույքերը՝ հավանաբար լավատեսական ակնկալիքների հիման վրա պարզապես բնակարանի գինը բարձրացնում են»-ասաց նա:

Նա նաև նկատեց, որ ամեն տարի բանկերի մասնակցությունը մեծանում է: «Անցած տարվա արդյունքներով, քանի որ բանկերը բավականին մեծ շահույթ են ստացել հիփոթեկային վարկերի առումով անշարժ գույքի միջով, 2019 թվականին այդ շուկան բավականին հետաքրքիր է իրենց համար և ակտիվ վարկավորում են»,-ասաց նա և նշեց, որ հիմնականում պահանջարկը մեծանում է նորակառույցների դեպքում:

«Կառուցապատողից գնելու դեպքում եկամտահարկի օրենքը գործում է և դա շատ մեծ ազդակ է մեր շուկայի համար և նորակառույցների պահանջարկը կրկնապատիկ ավելացել»,- ասաց նա և նշեց, որ մինչ այդ օրենքը շատ կառուցապատողներ ֆինանսական դժվարության մեջ էին գտնվում:

«Բայց եթե ռեալ տնտեսության մեջ ներդրումների ծավալը չմեծանա,  բնակչության տնտեսական եկամուտը չավելանա, ինձ թվում է՝ բարձրացման միտում չի լինի,  քանի որ այն հիմնականում սպասելիքների հիման վրա ձևավորված աճ է, որը եթե չհիմնավորվի, ռեալ եկամուտները չաճեն, այդ աճը կկանգնի և հնարավոր է նվազի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վարձով տների գներին, նա հնարավոր համարեց նույնիսկ նվազում, քանի որ վարձով տրվող գույքերը շատացել են և այդ որոշները ցանկանում են ձեռք բերել բնակարաններ և վարձով տալ:

«ՆՈՐ ՏՈՒՆ ՌԻԵԼԹԻ» անշարժ գույքի և գնահատման գործակալության տնօրեն Վլադիմիր Հարությունյանը ևս արձանագրեց, որ հեղափոխությունից հետո բնակարանի գների թանկացումներ կան:  «Հեղափոխությունից անմիջապես հետո ժողովուրդը հույս ուներ, որ ամեն ինչ լավ է լինելու և տները թանկացրեցին, սկսեցին առաջինը ձեռք բերել այն մարդիկ, ովքեր ասում էին, որ գները գնալով իջնում են և սպասում էին: Այնուհետև իրական ակտիվացում սկսվեց շուկայում և շղթայական ռեակցիայով սկսվեց բնականների թանկացումները»,-ասաց նա և նշեց, որ արտերկրից եկողներ եղան, ովքեր բնակարաններ գնեցին:

Նա նշեց, որ տնտեսական հեղափոխություն հայտարարելուց հետո սկսեցին ավելի շատ գնել: «Այո, միտումը գնալով թանկանում է, մեկ տարվա ընթացքում 5-20 տոկոս թանկացել է`  կախված գույքից, տարածքից: Այսինքն` թանկացման ալիքը նկատվում է Կենտրոնում և  տարբեր շրջաններում սկսում է թանկանալ»,-ասաց նա:

Վլադիմիր Հարությունյանը նշեց, որ հիփոթեկային տոկոսները նվազեցնելու արդյունքում սկսել են կառուցապատողից ավելի շատ գնել բնակարաններ և ներկայումս բանկով բնակարան ձեռք բերողներն ավելի շատ են:

Համեմատելով իրենց ստացած զանգերի քանակը՝ գործակալության տնօրենը նշեց, որ 100-200 տոկոսով ավելացել է և ակտիվացել են նույնիսկ այն գործակալները, որոնք որոշ ժամանակ չէին զբաղվում: Անդրադառնալով վարձով տներին՝ նա ասաց, որ առանձնապես թանկացում չկա այդ ոլորտում: «Սակայն եթե անշարժ գույքը թանկանում է, վարձով տներն էլ հետն են թանկանում»,-ասաց նա:

Ըստ նրա՝ օրենսդրական դաշտը պետք է կարգավորել: «Խնդիրն այն է,  որ կան անհատ գործակալներ, որոնք ոչ  մի հարկ չեն վճարում և խնդիր են առաջացնում»,-ասաց նա և նշեց, որ հաճախորդին խաբելու դեպքում գործակալը պատասխանատվության չի ենթարկվում:

 

Աղբյուր՝ Tert.am

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US