Առանց կնիքի կադաստրային փաստաթղթերի «դարաշրջանը» սկսվեց

02.08.2019

Առանց կնիքի կադաստրային փաստաթղթերի «դարաշրջանն» այսօր սկսվեց, Կոմիտեի ղեկավարն առավոտ շուտ փորձի համար անձամբ է դիմել (աշխատանքային խորհրդակցություն)
Աշխատանքային այսօրվա խորհրդակցությունը Սարհատ Պետրոսյանը բացեց՝ ցույց տալով ձեռքի ստացականը։ Փորձի համար այսօր վաղ առավոտյան անձամբ դիմել է Կադաստրի գրասենյակ, վճարել արագացված կարգով տեղեկանք ստանալու համար, որը նրան կտրվի վաղը։ Այս դեպքում ոչ թե բովանդակությունն է հետաքրքրում նրան, այլ առանց կնիքի լինելը։

Հուլիսի 27-ից ուժի մեջ մտան Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխությունները, որոնք Կադաստրում բարեփոխիչ նորամուծությունների հերթական փունջն են. կնիքի պահանջի վերացում, էլեկտրոնային ինքնաշխատ (ավտոմատ) համակարգով գործունեության կարգավորում (այդ թվում՝ Ինտեգրված կադաստրի) և «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի» անվանափոխություն «Կադաստրի կոմիտեի»։ Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը և հրատապությունը Սարհատ Պետրոսյանը բացատրել է նախ, կառավարության որդեգրած սկզբունքով՝ օր առաջ բարելավել պետության մատուցած ծառայությունների որակը։ Մյուսը Գործարար միջավայրի բարելավման ծրագրով ստանձնած պարտավորությունը կատարելն է։

Բարեփոխումների ուժի մեջ մտնելու առիթով Պետրոսյանը շնորհավորեց բոլորին, հատկապես՝ գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանին և սպասարկման մեթոբանության վարչության պետ Արման Օսիկյանին։ Վերջինիս հանձնարարեց այսօր շրջել գրասենյակներում՝ հետևելու, թե ինչպես է ընթանում բարեփոխման կիրառման աշխատանքային առաջին օրը և շատ ուշադիր լինել՝ ամեն ինչ ճիշտ կատարելու համար։

Կոմիտեի ղեկավարն այնուհետ ասաց, որ քաղաքացուց բողոք է ստացվել, թե անցած շաբաթ օրն ընդմիջման ժամին գրասենյակը չի սպասարկել իրեն, իսկ աշխատակիցներն այդ պահին «սուրճ» էին խմում։ Վարչության պետն այս առիթով նշեց, որ գրասենյակներում կան աշխատակիցներ, օրինակ, օպերատորները, որոնք դիմում ընդունելու լիազորություն չունեն, և հաճախ է քաղաքացիների մոտ թյուր տպավորություն ստեղծվում, թե «նստած են, բայց իրենց սպասարկել չեն ուզում», իսկ սուրճ խմում են, ասաց՝ հերթագայությամբ իրենց տրված ընդմիջման ժամին.

«Այդ դեպքում, օպերատորներին տվե'ք դիմում ընդունելու լիազորություն։ Եվ հետո՝ այդ որտե՞ղ են սուրճ խմում, որ քաղաքացին տեսնում է, թեկուզ իր ընդմիջման ժամն է, ուրեմն, իր աշխատասեղանի՞ մոտ… Գրասենյակները մեր դեմքն են, այդպես չի' կարելի»,- ասաց Պետրոսյանը։

Մեկ անգամ ևս կարևորվեց գրասենյակներում տեղադրված տեսախցիկների աշխատանքը.

«Մինչդեռ «Կենտրոն» գրասենյակում, արդեն մեկ շաբաթ է՝ տեսախցիկը չի աշխատում։ Տեսախցիկը վաղը պետք է աշխատի անպայման, ինչպես ուզում եք՝ լուծեք այդ հարցը։ Եվ ընդհանրապես, որևէ տեսախցիկի անսարքության խնդիրը պետք է լուծվի առավելագույնը 3 օրում»,- ասաց Կոմիտեի ղեկավարը՝ ավելացնելով, որ ինչ վերաբերում է Կադաստրի կենտրոնական ապարատին, քաղաքացիներից հիմնական բողոքը Թեժ գծով զանգերին չպատասխանելն է։ Համապատասխան վարչություններին Պետրոսյանը խորհուրդ տվեց գործընկերային հարաբերությունների սկզբունքով պատասխանել առավել ծանրաբեռնված վարչությունների աշխատակիցների փոխարեն։ Ասաց, որ Կոմիտեի շենքի մուտքի մոտ տեղադրված ներքին հեռախոսից զանգահարող քաղաքացիներն էլ են դժգոհում, որ իրենց զանգերին չեն պատասխանում։ Հեռախոսային համակարգը թվային է Կոմիտեում, և «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի» խորհրդական Դավիթ Ամատունին այս առիթով կարձանագրի, թե որ աշխատակիցը քանի անգամ չի պատասխանում քաղաքացիների հեռախոսազանգերին։

Սարհատ Պետրոսյանը վերջում մեկ անգամ ևս պատվիրեց հետևողական լինել թե' «Կադաստրի կոմիտե» նոր անվանումը գործածելու, թե' ընդհանրապես համակարգի պաշտոնները ճիշտ հիշատակելու համար։ Այսօր շրջանառության մեջ կմտնեն Կոմիտեի պաշտոնական նոր ձևաթղթերը։

 

Աղբյուրը՝ cadastre.am

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US