2021 թվականին ՀՀ ամբողջ տարածքում օդային նկարահանում

08.01.2021

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից փորձել են պարզել ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանների գծագրման հարցերը ու ամփոփել տարվա աշխատանքը:

-Հեղափոխությունից հետո ի՞նչ եք իրականացրել Կադաստրի կոմիտեում Ձեր ղեկավարման ժամանակահատվածում, որը մինչեւ այս չէր կատարվել: Դուք գո՞հ եք Ձեր աշխատանքից, եթե ամփոփելու լինենք Ձեր աշխատանքը, ինչ գնահատական կտաք:

-Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ 2019 թվականի դեկտեմբերի 5-ին և շուրջ մեկ տարի է ինչ ղեկավարում եմ կոմիտեն։ Պաշտոնը ստանձնելու պահից համակարգի բարձր որակավորում ունեցող և հրավիրված մասնագետների օգնությամբ ձեռնամուխ ենք եղել ինչպես համակարգի առջև ծառացած խնդիրների լուծմանը, այնպես էլ համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների սահմաննմանը և իրականացմանը։ Ի սկզբանե նպատակ է դրվել հնարավորինս թվայնացնել կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունները, պարզեցնել իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները, նվազեցնել պետական պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփումը։ Նախատեսված միջոցառումների վերջնարդյունքում ակընկալելով մատուցվող ծառայությունների որակի բարելավում, ժամկետների և ծառայության վճարների կրճատում ինչպես նաև պետական միջոցների խնայողություն։ Իրականացված աշխատանքներից նախ և առաջ կցանկանաի անրադառնալ համակարգի գործունեության ավտոմատացման ուղղությամբ կատարված որոշ աշխատանքներին, որոնց արդյունավետությունը և խիստ անհրաժեշտությունը զգացվեց արդեն իմ նշանակումից ընդամենը մի քանի ամիս հետո, երբ համավարակի հետևանքով անհրաժեշտություն եղավ փակել կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակները։ Մասնավորապես 2020 թվականի հունվարից երբ դեռ որևէ կանխատեսում անգամ չկար, որ համավարակի հետևանքով կունենանք որոշակի սահմանափակումներ, մենք ձեռնամուխ էինք եղել Կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի արդիականացմանը, քանի որ 2019 թվականին օրական միջինը առցանց ներկայացվել էր 40-50 դիմում, որը կազմում էր օրական ներկայացվող դիմումների ընդամենը 2%-ը։

Արդյունքում 2020 թվականի մարտից վերագործարկվեց Կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման արդիականցված հարթակը, որը թույլ տվեց համավարակով պայմանավորված սպասարկման գրասենյակների փակ լինելու պարագայում օրական ընդունել շուրջ 1000 առցանց դիմում և ապահովել անշարժ գույքի շուկայի բնականոն գործունեությունը։ Համակարգի գործունեության ավտոմատացման ուղղությամբ կատարվել են մի շարք այլ աշխատանքներ, որոնցից ներկայացնեմ ընդամենը մի քանիսը․

1.Մշակվել է Ազգային գեոպորտալը, որը արդեն այս տարվա վերջ հասանելի կլինի պետական մարմիններին,

2.Ներդրվել է Առցանց քարտեզագրական համակարգ, որում հաջողվել է մի քանի ամիսների ընթացքում ներմուծել և առցանց վարել շուրջ 130 համայնքների քարտեզներ.

3.Մշակվել և պատրաստ է ներդրման Չափագրողների առցանց գրասենյակը, որը ինչպես կավտոմատացնի և կբարելավի որակավորված չափագրողների աշխատանքը, այնպես էլ կնվազեցնի քաղաքացիներից պահանջվող փաստաթղթերի քանակը։

4. Մշակվել և ներդրվել է Անշարժ գույքի հաշվիչը, որի միջոցով հնարավոր է պարզել Ձեր անշարժ գույքի նոր կադաստրային արժեքը և առաջիկա վեց տարիների հարկը։ Մեծածավալ աշխատանքներ են տարվել ինչպես տվյալների բազայի ճշգրտման և ամբողջականացման, այնպես էլ քարտեզագրական նյութերի ուղղման ուղղությամբ։ Նշեմ, որ 2020 թվականի ընթացքում ամբողջությամբ կատարվել են կառավարության միջոցառումների և գերակա խնդիրների ծրագրով նախատեսված աշխատանքները։ Կարծում եմ, որ մեր աշխատանքի գնահատականը մենք չենք որ պետք է տանք, այլ կոմիտեի ծառայություններից օգտվող անձինք։

-Այս պահին կոնկրետ ի՞նչ հարցեր է քննարկում Ձեր գերատեսչությունը եւ ո՞ր հարցն է հրատապ համարվում, որին անհրաժեշտ են լուծումներ:

-Քանի որ արդեն անդրադարձ կատարել էի առաջնահերթ կարևորություն ունեցող ՀՀ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի խնդրին, ապա անրադառնամ առաջնահերթ կարևորություն ունեցող մյուս աշխատանքներին։ Այդ աշխատանքներն են․1.Կադաստրային քարտեզների ուղղումը, որի իրականացման համար արդեն ստեղծվել են իրավական նախադրյալներ և իրականացվել են պիլոտային տարածքի օդային նկարահանումներ, իսկ արդեն 2021 թվականի սկզբից ամբողջ ծավալով կմեկնարկեն քարտեզների ուղղման աշխատանքները։ 2. ՀՀ ամբողջ տարածքի օդային նկարահանման աշխատանքների իրականացումը, որը կիրականացվի 2021 թվականին և կնպաստի Կադաստրի կոմիտեի և մի շարք այլ ոլորտների կարևորագույն խնդիրների լուծմանը, 3.Ազգային գեոպորտալի արդյունավետ գործարկման և դրա զարգացման աշխատանքները, 4. Տարածական տվյալների ազգային ստանդարտների մշակման և ներդրման աշխատանքները, որի ուղղությամբ արդեն իսկ կատարել ենք մեծածավալ աշխատանքներ։ 5. Մատուցվող ծառայությունների առավել ավտոմատացմանը և դրանց շարունակական զարգացմանը միտված աշխատանքները, 6. Գրացման գործընթացների ու վարչարարության շարունակական պարզեցմանը ուղղված աշխատանքները և այլն։

-Մշտապես խոսվել է, որ Կադաստրի կոմիտեն եղել է այն կառույցը, որտեղ կոռուպցիան գերիշխել է, կարո՞ղ եք վստահեցնել որ այժմ կոմիտեում իսպառ բացակայում է կոռուպցիան:

-Որպես Կոմիտեի ղեկավար կարող եմ վստահեցնել Ձեզ միայն նրանում, որ իմ և կոմիտեի ղեկավար անձնակազմի կողմից իրականացվում է հնարավորը նման երևույթները բացառելու ուղղությամբ, սակայն կարծում եմ և այն համոզմանն եմ, որ կոռուպցիոն երևույթների իսպառ բացակայության հնարավոր է հասնել միայն համակարգային բարեփոխումների՝ այդ թվում ծառայությունների հնարավորինս ավտոմատացման և գրանցման գործընթացների առավելագույնս պարզեցման արդյունքում, որոնց ուղղությամբ էլ մեր կողմից իրականացվում է ամենօրյա հետևողական աշխատանք։

 

Աղբյուրը՝
cadastre.am

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US