Դուռը բացվեց. Հարկային արտոնություններ Հայաստանի IT-սկսնակների համար

13.05.2015

Շատ շուտով Հայաստանի սկսնակ IT ձեռնարկություններն (սթարթափերը) առաջին անգամ հարկային արտոնություններ կստանան: Փոքր եւ միջին բիզնեսի համագործակցության ասոցիացիայի համագումարի ժամանակ այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) իրավաբան Արկադի Սահակյանը:

Նա հիշեցրեց, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից, սակայն փաստացի սկսել է գործել ապրիլից. սթարթափերից ստացված հայտերի դիտարկման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի համար մի քանի ամիս է ծախսվել: 7 հոգանոց հանձնաժողովի կազմում ընդգրկված են էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունների, Հայաստանի կառավարության աշխատակազմի, ինչպես նաեւ ոլորտի կազմակերպությունների՝ UITE-ի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) ներկայացուցիչներ:

«UITE-ի կայքում մենք պարզ ուղեցույց ենք հրապարակել, որտեղ կարելի է տեղեկանալ՝ ինչպես եւ երբ հայտ ներկայացնել, ինչ փաստաթղթեր լրացնել»,- հավելեց Սահակյանը:

Հայտին հարկավոր է 6-7 փաստաթուղթ կցել, որոնց նմուշներն առանց որեւէ դժվարության կարելի է ստանալ Էկոնոմիկայի նախարարությունում: Լրացնելը նույնպես դյուրին է. հարկավոր է նշել ընկերության անունը, անձնակազմի թիվը, ինչպես նաեւ մատնանշել, որ ընկերությունը որեւէ այլ կազմակերպության հետ կապ չունի, չի ստեղծվել վերակազմավորման արդյունքում եւ որեւէ ընկերության դուստր-ձեռնարկություն չէ:

Ապրիլի վերջին կայացած առաջին նիստում Հանձնաժողովն ուսումնասիրել է առաջին 5 հայտերը: «Ցանկանում եմ ընդգծել, որ տեխնիկական սխալների պատճառով հայցը չեն չեղարկում, այլ առաջարկում են ուղղել»,- նշեց Սահակյանը:

Նա ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ սկսնակ ընկերությունը կարող է հարկային արտոնությունների համար դիմել գրանցման պահից հետո 3 ամսվա ընթացքում: Բայց քանի որ օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, ապա, այդ պահին պայմաններին համապատասխանող, բայց ապրիլին եռամսյա ժամկետը կորցրած ընկերությունների շահերից ելնելով, օրենքին հետադարձ ուժ է տրվել:

Հիշեցնենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» օրենքն առաջարկում է 0% շահութահարկ (ներկա դրույքաչափով՝ 20%) եւ 10% եկամտահարկ (ներկայում՝ 24.4 - 36%): Արտոնություններից կարող են օգտվել նորաաստեղծ ընկերություններ, որոնք ունեն 15-ից ոչ ավելի աշխատակիցներ: Արտոնությունները տրվում են մինչեւ 3 տարի ժամկետով: Օրենքի գործողությունը նույնպես ժամանակավոր է՝ մինչեւ 2020 թվականը: Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ, օրենքը կօգնի 400 նոր աշխատատեղ ստեղծել:

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US