Ամառային սեզոնը մեղմեց Հայաստանի արժութային խնդիրները. տնտեսագետ

05.08.2015

Հայաստանում ամառային սեզոնը մեղմեց ռուսական ռուբլու անկումով պայմանավորված արժութային խնդիրները։ Այս մասին օգոստոսի 4-ին լրագրողներին հայտարարեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ռուսական ռուբլու անկումը պետք է անդրադառնար Հայաստանի տնտեսության վրա եւ հանգեցներ դրամի փոխարժեքի անկմանը։ Մասամբ այդ ազդեցությունը զգացվեց. հունիսին Հայաստանի ԿԲ պաշարները կրճատվեցին, թեեւ հունվարից աճում էին։ Եթե մայիսին դրանք 100 մլն դոլարով աճել էին, ապա հունիսին նվազել էին 50 մլն-ով կամ մոտ 3 տոկոսով եւ կազմել մոտ 1 545 մլն դոլար։

Նշենք, որ ՌԴ ԿԲ տվյալներով՝ հուլիսի 1-ից օգոստոսի 4-ը դոլարի փոխարժեքը բարձրացել է՝  55.7-ից հասնելով 62.9 ռուբլու։ Ռուսաստանից դոլարով դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումները նվազել են։ ԿԲ տեղեկություններով, եթե 2014թ. հունիսին Ռուսաստանից կատարվող տրանսֆերտների հոսքը կազմել է 122.2 մլն դոլար, ապա 2015թ. հունիսին՝ 85.8 մլն դոլար։

«Այն, ինչ  կատարվում է Ռուսաստանում, 50 տոկոսով իր վրա պետք է զգա Հայաստանը, սակայն հիմա այդպես չեղավ»,- նշեց Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ դրա պատճառներից մեկը ամռանը զբոսաշրջիկների հոսքն է, որին այս տարի միացան նաեւ Համահայկական խաղերը։ «Դա նպաստեց արժույթի հոսքին, ուստի սուր պահանջարկ մենք հիմա չունենք։ Դրա շնորհիվ հաջողվեց խուսափել դրամի արժեզրկումից»,- եզրափակեց փորձագետը։

Առցանց վճարում

WIDE RANGE OF PAYMENT METHODS

Օգնությու՞ն է պետք Հարցրու մեզ

DO NOT HESITATE TO CONTACT US